Encyclopedia

Ֆրիդրիխ Նիցշե

Ֆրիդրիխ Նիցշեն (գերմ.՝ Friedrich Wilhelm Nietzsche) գերմանացի փիլիսոփա է, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր: Նիցշեն 24 տարեկանում դասական բանասիրության պրոֆեսոր էր Բազելում: Ողջ կյանքում նրան ուղեկցած հիվանդության պատճառով նա թողնում է պրոֆեսուրան:
Այդ ժամանակվանից նա`   իբրև անհայրենիք և չճանաչված հեղինակ, թափառում է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում: 45 տարեկանից զգացնել են տալիս հոգեկան խանգարման նշանները: Մնացյալ կյանքն ապրում է իբրև անաշխատունակ և անմեղսունակ, գրեթե մի տասնամյակ անցկացնում է մոր և քրոջ խնամակալության ներքո, 55 տարեկանում կնքում է իր մահկանացուն:
 
Ստեղծագործական առաջին տարիներից ըմբոստանում է փիլիսոփայության մեջ իր կուռքի`   Շոպենհաուերի դեմ, որի փիլիսոփայությունը մշտապես մեկնաբանվում է իբրև հոռետեսություն, ինչի քննադատությունը նրա երկերի կենտրոնական թեմաներից է:
 
Նրա փիլիսոփայությունը բարոյականության, կրոնի, փիլիսոփայության, գիտության և արվեստի սուր քննադատություն է: Ժամանակակից մշակույթի հիմնական բնույթը, ըստ նրա`   անկումայնությունն է`   հակառակ անտիկ Հունաստանի մշակույթի:
 
Նիցշեն շարունակ անդրադառնում է քրիստոնեական բարոյականությանը և քրիստոնեական ու պլատոնական մետաֆիզիկային: Նա ճշմարտության արժեքը ընդհանրապես հարցականի տակ է դնում: Գերմարդու, կամքի և հավերժական վերադարձի գաղափարներըն այսօր էլ բուռն բանավեճերի և մեկնաբանությունների կենտրոնում են:
 
Նիցշեի միտքը փիլիսոփայության համար շրջադարձային նշանակություն ուներ: Նրա երկերը, հատկապես`   «Այսպես խոսեց Զրադաշտը»-ը, ապահովել են Նիցշեի գրողական կշիռը։ Ամենևին չափազանցություն չէ, երբ Գոթֆրիդ Բենը գրում է. «Նա մեր ժամանակաշրջանի երկրաշարժն էր և Մարտին Լյութերից հետո գերմանացի մեծագույն հանճարը»։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.